05/11/2022
❗❗Նրանցից շատերին շատերդ չեք ճանաչել, շատերս չենք ճանաչել, ցավոք, չենք հասցրել: Առաջին պաշտպանականում նրան բոլորը գիտեին: Երևանցի Արշավիրը` Հադրութի չեմպիոնն էր:
Մարտկոցի հրամանատար կապիտանին ժպիտն էր տարբերում մյուսներից, իր տղաների հետ կռիվն էլ ժպիտով ու սթափությամբ ընդունեց: Հոր բացակայությամբ կայացած տղան, հայր էր` ժամկետային հրետանավորների համար ու հայրաբար զոհվեց:
Արշավիր Թորոսյանն ընկավ անօդաչուի հարվածից, փրկելով մյուսներին, փրկելով մի ամբողջ կազմի: Սա դասագրքային բանաձև չէ, որ կարդաս, սովորես ու այդպես վարվես: Սա ի ծնե ուղեկցող նվիրում է:
Արշավիրը զոհվեց պատերազմի 19-րդ օրը: Այդ ընթացում թշնամու պահեստներ է օդ բարձրացրել, մարդկային կուտակումներ հողին հավասարեցրել ու զրահատեխնիկայի մեծ շարժ այրել: Հրետանին իր նմաններով է համարվում պատերազմի աստվածը:
Մարտական խաչի ասպետ է: Հետմահու: Եռաբլուրում է հանգչում: Եղբայրների հետ: Անմահների գնդում: Ու հիմա, Անմահների չեմպիոնն է, լավագույններից մեկը:
Դու նույնպես չես պարտվել, Արշավիր: Քո տեսակը չի պարտվել: Ես դա տեսել եմ:
Պատիվ ունեմ, պարոն կապիտան:
Դավիթ Դավթյան