Ատամհատիկ Ստուդիա ԴիաՄոն
Այսօր Ատամհատիկ նշելու ձեւը փոխվել է, ու երեխայի առջեւ նախկինի պես սանր, հայելի ու դանակ չեն դնում Ծնվելուց հետո փոքրիկների հետ կապված միջոցառումները սկսվում են նրանց հանած առաջին ատամից: Հայերիս համար մանկիկի առաջին ատամի ի հայտ գալը մեծ իրադարձություն է, ինչի կապակցությամբ երեխայի հայրը, մայրը եւ մյուս հարազատները մեծ խնջույք են կազմակերպում: Իրականում այս տոնը կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ ծիսակատարությունը, խոր արմատներ ունի եւ հին հայկական ժողովրդական տոն է: Ազգագրագետ Սամվել Մկրտչյանի բնութագրմամբ՝ Ատամհատիկը պտղաբերության եւ առատության խորհրդանիշն է. «Սա հին հայկական ժողովրդական ծես է, հայ ընտանիքների ամենատարածված միջոցառումներից մեկը: Այն համատարած ուրախություն է բոլոր հայկական օջախներում: Համամարդկային բնույթ ունի, ուղղակի տարբեր աշխարհամասերում, ըստ ժողովուրդների մշակույթների, այլ կերպ է նշվում»: Ս. Մկրտչյանի խոսքով՝ Ատամհատիկը Հայաստանի տարբեր մարզերում տարբեր անվանումներ ունի, չնայած գրեթե նույն կերպ է նշվում. «Օրինակ՝ Շիրակում, Ջավախքում՝ Ակռահատիկ, Մուշում՝ Ակվասորիկ, Սյունիքում՝ Ատամսուրիկ, Սիսիանում՝ Կեղքահատիկ, Վայոց Ձորում՝ Կեռահատիկ, Արարատյան դաշտում Հատիկ կամ Ատամ սուր են անվանում… Մի խոսքով՝ թվարկվածները բոլորն էլ փոքրիկի առաջին ատամի հետ կապված անուններ են: Իսկ ծեսը մասնակի առանձնահատկություններով հանդերձ գրեթե նույնն է»: Ատամհատիկը ծես է, ոչ թե միջոցառում կամ խնջույք, որը ծիսակատարության մի ամբողջ համակարգ է. «Նորածնին նստեցնում են սեղանի վրա, շրջապատում հարազատներով, գլուխը ծածկում կտորով եւ լցնում խաշած ցորենի, լոբու, գարու, սիսեռի հատիկներ, քաղցր պտուղներ…»: Նա նաեւ նկատեց, որ հասարակության մեջ տարածված 7 տեսակի հատիկ լցնելու երեւույթը սխալ է. «7-ը սիմվոլիկ է, պետք չէ կենտրոնանալ թվի վրա, թե քանի տեսակի հատիկեղեն պետք է լցնել երեխայի գլխին: Ասում են՝ դրանցից ամեն մեկն իր նշանակությունն ունի: Իսկ իրականում բոլորը միասին, ինչպես եւ ծեսը՝ առողջության, հաջողության նշան ունի, որպեսզի բալիկի կյանքը հաջող ընթանա, պտղաբեր լինի եւ այլն: Հատիկներն արդեն իսկ առատության խորհրդանիշ են: Իսկ այս ծեսը համահայկական բնույթի հավատալիքների շարքին է դասվում: Այնպես որ, չարժե մանրանալ, թե որ հատիկը՝ ցորենի, լոբու, ինչ է խորհրդանշում»: Երեխայի առաջին ատամ հանելու հետ կապված բազմաթիվ գուշակություններ կան: Մեր զրուցակիցը նկատում է, որ այսօր Ատամհատիկը խաղային բնույթ է կրում եւ իր հիմնական առաքելությունից շեղվել է. «Ճիշտ է, հայերը մեծ նշանակություն են տալիս Ատամհատիկին, բայց այն դարձել է ապագա մասնագիտությունն ընտրելու հիմնական կողմնորոշման միջոց: Որքան դիտարկում ենք անցյալում եղած ծեսի բնույթը, նախկինում ապագա մասնագիտության կողմնորոշման խնդիր չի եղել: Սա տարիների ընթացքում հնարովի, ձեռքբերովի առանձնահատկություն է: Նախկինում կարեւորվել է ցորենի հատիկի խորհուրդը, որն առատություն պետք է բերեր եւ նպաստեր մյուս ատամների հեշտ դուրս գալուն: Այժմ այս ամենը կորել է մասնագիտության ընտրության ստվերում: Այսօր ինչ ասես երեխայի առջեւ չեն դնում՝ գումար, հեռախոս, մեքենայի բանալիներ, մանդատ… Անցյալում պարտադիր երեք կարեւոր իր էր դրվում երեխայի առջեւ՝ սանր, հայելի եւ դանակ: Սանրը՝ որպեսզի հավասարաչափ ատամներ ունենա: Հայելին առատության, բազմապատկվելու խորհուրդ ունի, դանակն էլ սուր, ուժեղ լինելու նշան է: Այսօր շատ քիչ տեղերում է այդ երեք իրերը դնելու ավանդույթը պահպանվել, որովհետեւ այն ուշ շրջանի երեւույթ է»: Նոր շրջանի երեւույթներից՝ երեխայի առջեւ բազմաբովանդակ իրեր դնելը ազգագրագետը չի մերժում. «Ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվում է, գուցե դա էլ փոխվի, բայց Ատամհատիկի ավանդույթը հաստատ երբեք չի վերանա, այն խոր արմատներ ունի»: Հետաքրքրվեցինք՝ ծեսի պատմությունն ու արմատները որտեղի՞ց են գալիս: Ըստ նրա՝ «Ծագումնաբանությունը դեռեւս պարզ չէ: Չենք կարող հստակ ասել՝ առաջին անգամ այս ծեսը որտեղ է նշվել, ում կողմից է կարգվել: Բայց դրանում եկեղեցական ոչինչ չկա: Ծեսերը բովանդակային առումով գրեթե նույնն են, բայց դրսեւորման առանձնահատկություններ ունեն: Երեխայի ծնունդից սկսած մինչեւ մահը ուղեկցվում եւ ֆիքսվում է ծիսական արարողություններով: Ատամհատիկը երեխայի առաջին քայլերը բնութագրող ծեսն է, բայց կրկնում եմ, որ այն կոնկրետ ժամանակագրություն չունի, չենք կարող ասել, երբ է առաջին անգամ մարդու կողմից ուշադրության արժանացել»: